Մարդիկ միշտ սարսափել են երկրաշարժից: Ի՞նչ է երկրաշարժը, ինչպե՞ս, ինչո՞ւ, որտե՞ղ և ե՞րբ է տեղի ունենում, ինչո՞ւ է մի դեպքում ուժեղ, մեկ այլ դեպքում՝ թույլ, ի՞նչ ճանապարհով նվազագույնի հասցնել այն կորուստները, որոնք լինում են ուժեղ երկրաշարժերի հետևանքով. անհիշելի ժամանակներից մարդը որոնել ու պրպտել է հետևյալ հարցերի պատասխանները։ Յուրաքանչյուր դարաշրջան ու քաղաքակրթություն իր կարծիքն է թողել երկրաշարժերի վերաբերյալ:
Բնության ահեղ ուժերի դեմ պայքարում օգնության են հասնում բանիմաց սեյսմաբանները, որոնք իրենց գիտական մտքի, երկարատև ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ տալիս են բացահայտումներ ու բացատրություններ և ուղիներ մշակում դրանց կործանարար գործունեությունից խուսափելու համար:
Սեյսմաբանություն կամ երկրաշարժագիտություն. գիտություն երկրաշարժերի մասին՝ ուսումնասիրություն, պատճառներ, հետևանքներ, պաշտպանության միջոցառումներ: Երկրաշարժերի կանխատեսումը սեյսմաբանության ամենաբարդ խնդիրներից մեկն է: Ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավումը միանշանակ նոր դռներ է բացում նաև սեյսմաբանության համար. անչափ կարևոր է նաև սեյսմակայուն շինությունների կառուցումն ու բնակչության պատրաստվածությունը:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Բալասանյանը: