Իրանը չի զիջում Հորմուզի նեղուցը և դրանով հաղթում է ԱՄՆ

Նախօրեին Իսլամաբադում կայացել է Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների խորհրդատվական հանդիպումը:

Այդ մասին պաշտոնական հաղորդագրությունից զատ որևէ հրապարակային տեղեկություն առ այս պահը չկա: Israel Inside-ը, հղելով Իսրայելի անվտանգության համակարգի անանուն աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի առաջարկությամբ հանդիպման մասնակիցները «քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացությունը կարգավորելու նպատակով միջազգային կոնսորցիում ստեղծելու գաղափարը»:

Ըստ աղբյուրների, Պակիստանը և Եգիպտոսը «ընդհանուր առմամբ կիսում են Թուրքիայի առաջարկությունը, իսկ Սաուդյան Արաբիան առայժմ տատանվում» է: Տեղեկություն կա, որ Իսրամաբադի հանդիպման մասնակիցները «քննարկումների մասին փակ խողովակներով իրազեկել են Միացյալ Նահանգներին և Իրանին ու սպասում են պատասխանի»:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ պատերազմի ավարտից հետո «ԱՄՆ-ը և Իրանը կարող են համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը»:

Իսլամաբադի հանդիպման մասնակիցներին անուղղակի, բայց շատ հստակ պատասխանել է Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Ալաեդին Բորուջերդին:

Իրանցի խորհրդարանականը SNN հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է, որ ամենամոտ ապագայում կընդունվի օրենք, որը Հորմուզի նեղուցում նավագնացության իրավունքի և սպասարկման համար «վճարումներ կնախատեսի»:

Իրանա-ամերիկյան ենթադրյալ բանակցությունների օրակարգի սկզբունքային հարցերից մեկը Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի լիակատար իրավազորության միջազգային ճանաչումն է:

Այդ մասին անցյալ շաբաթասկզբին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և վկայակոչել միջազգային պրակտիկայում ընդունված նախադեպեր, երբ երկիրն իր տարածքի նավագնացության ուղիների դիմաց գանձումներ է կատարում:

Ի՞նչ առաջարկություններ են մշակել Պակիստանի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները: Խոսքը միջազգային ժամանակավո՞ր կոնսորցիումի մասին է, որ կարող է գործել Իրանի իրավազորության ներքո, թե՞ նրանք Թեհրանին առաջարկում են Հորմուզի նեղուցի նկատմամբ իրավազորությունը զիջել իրենց:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի հիմնական թիրախներից մեկը Հորմուզի նեղուցն է, որի նկատմամբ վերահսկողության իրավունքը էներգակիրների միջազգային շուկայում Իրանի համար գերակա դիրք կապահովի և, ընդհակառակը, կթուլացնի Իսլամական հանրապետությունը, եթե այնտեղ հաստատվի «օկուպացիոն ռեժիմ»:

Leave a Comment