Իրանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար մաքսատուրքեր սահմանելու օրինագծին՝ հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդումների՝ առաջարկը նախատեսում է վճարներ գանձել նեղուցով անցնող նավերից, իսկ որոշ երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառած պետությունների նավերի համար մուտքը կարող է սահմանափակվել կամ ամբողջությամբ փակվել, հաղորդել է Fars գործակալությունը՝ նշելով, որ Իրանը նոր համակարգում «ինքնիշխան դեր» է ունենալու։
Նախագիծը դեռ վերջնական հաստատման փուլում է և, ըստ աղբյուրների, դրա իրականացումը կարող է պահանջել նաև նեղուցին հարակից երկրների համաձայնությունը։ Մինչ այս պահը չի հստակեցվել, թե որքան կկազմեն նախատեսվող վճարները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե Իրանի հետ պայմանավորվածություն չկնքվի, ներառյալ նավագնացության ազատության հարցը, ԱՄՆ-ն կարող է թիրախավորել Իրանի ռազմավարական ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտները և Խարգ կղզին։
Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունն արդեն իսկ ազդել է համաշխարհային շուկաների վրա՝ առաջացնելով էներգակիրների գների աճ։ Մասնավորապես, ԱՄՆ-ում բարձրացել են վառելիքի գները, իսկ գյուղատնտեսական ոլորտում արձանագրվել են պարարտանյութերի թանկացում և ապրանքների գների անկում։