Օրինապահությունը դառնում է առավելություն․ նոր փոփոխություններ հարկային օրենսգրքում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված և  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է կատարելագործել օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը՝ այն դարձնելով առավել գրավիչ և արդյունավետ բիզնեսի համար։ Նախագիծը նախատեսում է ընդլայնել խրախուսման գործիքակազմը, այդ թվում՝ սահմանել հարկային արտոնություններ, բարելավել հավաստագրի տրամադրման կարգը և ապահովել առավել ճկուն վարչարարություն։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ 

Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը

ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝

  • հարկային կամավոր կարգապահության խրախուսման,
  • օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, 
  • հարկային մարմին – հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

Ինչպիսի՞ն է ներկա իրավիճակը և ինչ խնդիրներ կան

2021 թվականին ներդրվել է օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը։

Ներկայումս օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է 12 ամիս ժամկետով, ինչը որոշ դեպքերում չի ապահովում համակարգի երկարաժամկետ գրավչությունը։

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում

Օրինապահ հարկ վճարողի համակարգը առավել գրավիչ դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու օրենսգրքով սահմանված կարգավորումները և նախատեսել համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաև կատարելագործել ու բարելավել օրնապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները։

Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ․

1) oրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ԱԱՀ-ից: Ընդ որում, առաջարկը ներկայացվել է հաշվի առնելով նաև Կառավարության ծրագրով նախատեսված՝ ԱԱՀ վճարողների համար ներմուծվող ապրանքների դիմաց ԱԱՀ գանձումը սահմանին աստիճանաբար չեղարկելու միջոցառումը, որը նպատակը տնտեսավարող սուբյեկտների կողմից ֆինանսական միջոցների արդյունավետ տնօրինումն է,

2) օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման գործընթացը չի վերաբերի ներդրումային ֆոնդերին և ներդրումային ֆոնդերի կառավարչներին, հաշվի առնելով վերջիններիս մասով կիրառվող շահութահարկի նվազ՝ 0.01% դրույքաչափը,

3) oրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադվելու է անժամկետ,

4) հարկային մարմինը իրականացնելու է oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով, նպատակ ունենալով ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը,

5) Կառավարության կողմից կսահմանվի հավաստագրի գործողության դադարեցման կարգը, որտեղ կնշվեն այն դեպքերը, երբ իրականացվող մշտադիտարկման արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը կդադարեցվի։

6) oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով հարկային մարմինը օրենսգրքով սահմանված հարկ վճարողների սպասարկման գործառույթը կիրականացնի անհատական՝ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի միջոցով,

7) համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կկկիրառվի 0,8 գործակից։

Միաժամանակ, օրինապահ հարկ վճարողների համար վարչարարության բարենպաստ պայմանների ընդլայնման շրջանակներում նախատեսվում է հավաստագիր ունեցող օրինապահ հարկ վճարողների ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման մասով սահմանել առաջնահերթություն, մասնավորապես՝ վերանայելու ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ռիսկային համարվելու չափանիշները։

Ի՞նչ է կարգավորվում նախագծով

Նախագիծը սահմանում է՝

  • օրինապահ հարկ վճարողների համար արտոնություններ,
  • հավաստագրի տրամադրման և դադարեցման կարգ,
  • գործունեության նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմներ։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է՝

  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման Հավելված N 1-ի «Պետական եկամուտների կոմիտե» բաժնի 2.3 կետից, որով նախատեսվում է իրականացնել օրինապահ հարկ վճարողի համակարգի կատարելագործում և հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաև գնահատվի, լինի շահավետ:

Բյուջետային ազդեցությունը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ ապահովելով hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորում և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդում: Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային և մաքսային կարգապահության, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը:

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment