Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն օրեր առաջ Արարատի մարզ այցի շրջանակում գտնվել էր Մասիս քաղաքի Կայարան թաղամասում, որտեղ առկա է տարիներ շարունակ չլուծված կոյուղատար համակարգի խնդիր։ Այս մասին հայտնել են կոմիտեից:
Ղալամքարյանը «Երևան» ՋՕԸ-ի տնօրեն Սերոբ Հարությունյանի հետ տեղում հանդիպել էր բնակիչներին և համայնքի ավագանու անդամներին, լսել նրանց մտահոգությունները, շրջել թաղամասում, ինչպես նաև խնդրից տուժած դպրոցի ու հարակից շենքերի տարածքներում։

Խնդրի հրատապ լուծումն ապահովելու նպատակով Կոմիտեի նախագահն այսօր հանդիպում-քննարկում ունեցավ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի, «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տեղամասի պետ Սարգիս Թորոսյանի և Մասիսի համայնքապետարանի պատասխանատու անձանց հետ։
Քննարկվեցին և դիտարկվեցին խնդրի լուծման մի քանի տարբերակներ։
Որոշում կայացվեց, որ նպատակահարմար է նախ հրատապ և միջնաժամկետ լուծում տալ և տարածքը մաքրել կոյուղաջրից, այնուհետեւ պլանավորել հիմնավոր և երկարաժամկետ լուծման սկզբնական քայլերը։
