Կենտրոնական բանկում բացահայտվել է խոշոր յուրացում․ անհետացել էին 120.6 մլն դրամի ոսկյա հուշադրամներ

Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի փետրվարի 18-ին ստացվել է Ս.Պ.-ի քրեական գործը: Գործը փետրվարի 19-ին հանձնվել է դատավոր Վարդգես Սարգսյանին: Գործը Հակակոռուպցիոն դատարան է փոխանցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից՝ 2026 թվականի փետրվարի 13-ին դատավոր Է.Մկրտչյանի որոշմամբ: Այս  մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն, Ս.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը յուրացնելու համար:

Մեղադրանքի համաձայն, Ս.Պ.-ը զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի դրամաշրջանառության վարչության արժույթի թողարկման մասնագետի պաշտոնը: Պաշտոնեական դիրքն օգտագործելով և կատարելով նյութական պատասխանատու աշխատանք, որն անմիջապես առնչվել է արժեքների հետ, Ս.Պ.-ը իր վրա է վերցրել բանկի կողմից իրեն վստահված արժեքների՝ կանխիկ դրամ, արժեթղթեր, հուշադրամներ և այլ դրամագիտական արժեքներ, ինչպես նաև աշխատանքի ընթացքում իրեն վստահված կամ հանձնված այլ նյութական արժեքների պահպանման լրիվ նյութական պատասխանատվություն:

Նա ունեցել է ընդունման-հանձնման կարգադրություններ, ակտեր կազմելու, «Գործառնական օր» համակարգում հաշվապահական ձևակերպումներ իրականացնելու, ինչպես նաև դրամագիտական արժեքների պահուստների դրամապահոց արժեքների մուտքագրման, ելքագրման, դրանց հաշվառման հետ կապված պարտականություններ:

2015 թվականից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 7-ը Ս.Պ.-ը, օգտվելով իրեն վստահված հուշադրամների նկատմամբ ունեցած նյութական պատասխանատվությունից, դիտավորությամբ, ապօրինի կերպով ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական արժեքների 1-ին, 3-րդ և «Դրամագետ» վաճառասրահի պահոցներից հափշտակել է հետևյալ ոսկյա հուշադրամները՝

  • 1 հատ «Վարդան Մամիկոնյան» 100 գրամ կշռով, 200.000 դրամ անվանական արժեքով 999.9 հարգի ոսկուց ձուլված չհաստատված հուշադրամ՝ 2.400.000 ՀՀ դրամ արժեքով,
  • 115 հատ 3.89 գրամ կշռով, 5.000 դրամ անվանական արժեքով «Հայոց այբուբենի տառեր» պրուֆ տեսակի ոսկյա հուշադրամներ՝ 12.650.000 ՀՀ դրամ արժեքով,
  • 39 հատ 3.89 գրամ կշռով, 5.000 դրամ անվանական արժեքով «Հայոց այբուբենի տառեր» պրուֆ տեսակի ոսկյա հուշադրամներ՝ 4.290.000 ՀՀ դրամ արժեքով,
  • 938 հատ 3.89 գրամ կշռով, 5.000 դրամ անվանական արժեքով «Հայոց այբուբենի տառեր» լավացված տեսակի ոսկե հուշադրամներ՝ 101.304.000 ՀՀ դրամ արժեքով:

Ընդհանուր Ս.Պ.-ը հափշտակել է 120.644.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 1.093 հատ ոսկյա հուշադրամներ, որոնցից 64 հատը իր մտերիմների անուններով գրավադրել է Հայաստանում գործող առևտրային բանկերում, իսկ մնացածը վաճառել է տարբեր ոսկյա զարդերի առևտրի կետերում և օգտագործել իր անձնական կարիքների համար՝ այդ կերպ ՀՀ կենտրոնական բանկին պատճառելով ընդհանուր 120.644.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Գործի պատմությունը սկսվել է 2019 թվականին: 2019 թվականի հունիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Է.Արսենյանը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը ուղարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Գործին շնորհվել է ԵԴ/0387/01/19 համարը:

2019 թվականի հունիսի 13-ին դատավոր Ա.Գաբրիելյանը գործն ընդունել է վարույթ, իսկ հունիսի 28-ին կայացրել է որոշում դատական քննության նշանակելու մասին: 2025 թվականի հունիսի 19-ին գործը վերամակագրվել է դատավոր Է.Մկրտչյանին, ով հունիսի 23-ին գործն ընդունել է վարույթ: 2026 թվականի փետրվարի 13-ին դատավոր Է.Մկրտչյանի որոշմամբ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան:

2026 թվականի փետրվարի 19-ին դատավոր Վարդգես Սարգսյանը որոշում է կայացրել գործն ընդունել վարույթ: Նախնական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 09:30-ին:

Ս.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment