Երևանում եկեղեցու բակից ձերբակալված եղբայրների առողջական վիճակը թույլ չի տալիս գտնվել անազատության մեջ. փաստաբան

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների առողջական խնդիրների պայմաններում նրանք չպետք է գտնվեն անազատության մեջ, Armenia Today-ին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Երեխաների առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը ներկայացված են վարույթն իրականացնող մարմնին: Ներկայացված է միջնորդությունը, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն, որովհետև բժշկական փաստաթղթերով արձանագրված ախտորոշված հիվանդությունների առկայության պայմաններում գտնում ենք, որ մեկ րոպե երեխաները չպետք է մնան անազատության մեջ», – ասաց նա՝ հավելելով, որ այդ խնդիրներն անհամատեղելի են անազատության մեջ:

Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ տղաները՝ Դավիթ և Միքայել Մինասյանները, իրենց վերագրված կասկածանքը չեն ընդունում, հայտարարել են, որ որևէ քաղաքական ուժերի հետ առնչություն չունեն, ինչպես ամեն կիրակի, այնպես էլ մարտի 29-ին մասնակցել են պատարագի:

Եկեղեցու բակից 3 անձի էին ձերբակալել: Փաստաբանի խոսքով՝ երրորդ քաղաքացին նրանց հետ որևէ կապ չունի:

Մարտիրոսյանի խոսքով՝ եղբայրներից Դավիթի համար գիշերը շտապ օգնություն են կանչել։

Նրանք 18 տարեկան են, սովորում են ավագ դպրոցում։

Սուրբ Աննա եկեղեցու բակից մարտի 29-ին 3 քաղաքացու էին ձերբակալել՝ պատարագի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում քաղաքացին Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ «Տենց չնայես ինձ»,- իր դժգոհությունը հայտնելով՝ քաղաքացին ասել էր Փաշինյանին:
Միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Leave a Comment