«Ուժեղ Հայաստան» կուսակցությանից մեկնաբանել են Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած «Մեր ձևով» հասարակական կազմակերպության կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքները, դրանք անվանելով անհիմն, իսկ ենթադրյալ ապացույցները ձայնագրությունների տեսքով՝ մոնտաժված:
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր հինգ անձի ձերբակալության մասին, որոնց մեղսագրվում է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում Արմավիրի մարզի որոշ բնակիչների «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից անհատույց տարբեր չափերի դրամական միջոցներ տրամադրելու համար։
Նախաքննական մարմինը նշված գործողությունները որակել է որպես ընտրակաշառք։ Կոմիտեն հրապարակել է նաև հեռախոսային զրույցների և անձնական խոսակցությունների գաղտնալսումների հատվածներ, որոնք, ըստ նախաքննական վարկածի, հաստատում են մեղադրանքի հիմքում ընկած տեղեկությունները:
«Ուժեղ հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը քրեական գործը կապել է հասարակության զգալի հատվածում իրեց ուժի անվերապահ աջակցությունը վայելելու շուրջ իշխանությունների անհանգստությունների հետ։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն Armenia Today-ի հետ զրույցում տեղի ունեցողը որակել է որպես իրավական գործընթացների խեղաթյուրում և հայտնել, որ այսօր՝ մարտի 30-ի առավոտվանից, ամբողջ Հայաստանով տարբեր գրասենյակներից անձինք են հրավիրվում ոստիկանության բաժիններ՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։
Նրա ընգծել է, որ հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են, իսկ տրամադրված միջոցները իրականում հանդիսացել են աշխատավարձ՝ քաղաքական գործընթացներում ներգրավվածության համար։
Հովհաննիսյանի խոսքով՝ ՀԿԿ հեռախոսազանգի ձայնագրության մեջ առերևույթ անձերի ձայների փոփոխությունը վկայում է այն մասին, որ դրանք կտրված և մեկը մյուսին միացված հաղորդագրություններ են, որոնց իրավաչափությունն արդեն իսկ կասկած է հարուցում։
«Եթե անգամ ընդունենք, որ դրանք խիստ իրավաչափ են, այդտեղ առավելապես ընտրակաշառքի մասին խոսք չկա՝ առնվազն ՔՕ 219 հանցակազմի համատեքստում։ Նրանք փորձում են քողարկել ընտրակաշառքն ու ասում են՝ անձինք աշխատանքի են անցել , բայց դա ձևակերպել են որպես ընտրակաշառք։ Ես հարց եմ տալիս, արդյոք քաղաքացին իրավունք չունի՞ ներգրավվել քաղաքական կամ ոչ քաղաքական գործընթացների՝ դրան նախորդող հասարակական գործընթացների աշխատավարձով։ Դա օրենքով արգելված գործունեությո՞ւն է արդյոք։ Ամենևին ո՛չ»,- շեշտել է նա։
Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ այսօրվանից «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարբեր գրասենյակներում իրավապահների գործողությունները հետևյալ ձեռագիրն ունեն. անձինք հրավիրվում են իբր «զրույցների», ինչը Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ։
Հովհաննիսյանը համոզված է, որ իշխանությունների «ռեպրեսիվ մեքենան» փորձում է բացասական ֆոն ստեղծել կոնկրետ քաղաքական ուժի շուրջ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակը հավելել է, որ այս ձերբակալությունները կանխատեսելի վարքագծի դրսևորում են և «օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է»։
