30 մարտի 2026 – 18:33 AMT
PanARMENIAN.Net – «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը արձագանքել է Հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրանքներին՝ պնդելով, որ ձայնագրությունը մոնտաժված է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
Նա հավելել է, որ «Ուժեղ Հայաստանն» իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։
Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խայտառակ, ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսների տևող կալանքն է։
«Ուժեղ Հայաստանն» իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է։
Ակնհայտ է, որ այն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, քանի որ բոլորը գիտեն` օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է»,-ասվում է գրառման մեջ:
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակում խուզարկություններից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «տրամադրվող ընտրակաշառքը որպես աշխատավարձ ներկայացնելու» և «բարեգործության վերաբերյալ սահմանված սահմանափակումները խախտելու» համար: Ձերբակալվել է 5 անձ։