30 մարտի 2026 – 17:38 AMT
PanARMENIAN.Net – ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին 6 ամիսներին ընկերության բարձր ղեկավարության վարձատրությունն ավելի քան 411 մլն ՀՀ դրամով նվազել է, հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում:
«2025թ. 2-րդ կիսամյակի ընթացքում՝ ժամանակավոր կառավարման շրջանում, ՀԷՑ-ի բարձր ղեկավարությունը (տնօրենների խորհուրդ, գլխամաս և մասնաճյուղեր) ընդհանուր առմամբ վարձատրվել են մոտ 789 մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներով։ Սա այն դեպքում, երբ 2024թ. նույն ժամանակահատվածում տվյալ բարձրաստիճան պաշտոնյաների ընդհանուր վարձատրությունը կազմել է մոտ 1․2 մլրդ ՀՀ դրամ։
Ըստ այդմ՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին 6 ամիսներին ընկերության բարձր ղեկավարության վարձատրությունն ավելի քան 411 մլն ՀՀ դրամով նվազել է (մոտ 35%-ով պակաս, քան 2024թ. նույն շրջանում): Միաժամանակ, խնայված միջոցներն ուղղվել են Ընկերության մնացած աշխատակիցների վարձատրությունների ֆոնդին, ինչի արդյունքում 2025թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀԷՑ-ի մոտ 7000 աշխատակից վարձատրվել է ընդհանուր ավելի քան 10․3 մլրդ ՀՀ դրամի ֆինանսական միջոցներով, ինչը 2024թ. նույն ժամանակահատվածի համար ավելին է մոտ 400 մլն ՀՀ դրամով»,-նշել է նա։
2025թ․ հուլիսի 18-ին կառավարության լիազոր մարմնի հաղորդման հիման վրա ՀԾԿՀ նախագահը վարչական վարույթ է հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ժամանակավոր կառավարիչ։