ՌԴ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանը պատերազմ է սկսել և էթնիկ զտում իրականացրել

Ստեփանակերտի քաղաքական վերնախավի մի քանի ներկայացուցիչներ, նրանց աջակցող ֆեյսբուքյան օգտատերերը և երևանի փորձագիտական որոշ շրջանակներ վերջին օրերին համառությամբ կրկնում են նույն հարցը. «Իսկ որտե՞ղ է գրված, որ Ռուսաստանը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը և այդ պարտավորությունը չի կատարել»:

Ռուսաստանի Դաշնության նախագահի առ 10 նոյեմբերի 2020թ. թիվ 695 հրամանագիրն ունի այս անվանումը. «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին», որը Վլադիմիր Պուտինը ստորագրել է՝ հիմք ընդունելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի 2015 թ.365՝ «Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն օգտագործելու մասին» որոշումը:

Հրամանագրի տեքստից մեջբերումներով չծանրաբեռնվելու համար միանգամից նշենք, որ զորախումբը Լեռնային Ղարաբաղ է մտցվել «Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու և խաղաղությունը ապահովելու նպատակով», այն տեղաբաշխվել է «Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով»:

Երբ մի երկիր սեփական զինված ուժեր է ուղարկում հակամարտության գոտի և նախագահի հրամանագրի մակարդակով սահմանում, որ նպատակը «կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը և խաղաղության ապահովումն» է, ապա ի՞նչ է դա, եթե ոչ տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ամենաբարձր մակարդակով երաշխավորում:

Ժամանակներ են փոխվելու, Ստեփանակերտի ներկայիս քաղվերնախավը ասպարեզից հեռանալու է, գալու է նոր սերունդ, որ ՌԴ նախագահի վերոհիշյալ հրամանագիրը գնահատելու է իրավա-քաղաքական նշանակությամբ, ոչ թե՝ զգացմունքներով:

Նա համադրելու է Վլադիմիր Պուտինի 2021թ. հունվարի 11-ի ելույթը, որտեղ Ռուսաստանի նախագահը խոսում է արդեն տուն վերադարձած 48 հազար արցախցիների մասին և հասկանալու է, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո մարդիկ Լեռնային Ղարաբաղ են վերադարձել միայն և միայն Ռուսաստանի երաշխիքներով:

Սա է իրականությունը, և այն, որ այդ զորախումբն իր պարտականությունները չի կատարել: Պատճառների մասին կարելի է ենթադրություններ անել, վարկածներ առաջադրել: Փաստ է, որ ՌԴ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանը պատերազմ է սկսել և էթնիկ զտում իրականացրել:

Leave a Comment