ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։
Հիշյալ անձինք իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 2025–2026 թվականների ընթացքում ձևական գրանցել են հիշյալ կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Պարզվել է նաև, որ նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ՝ դրանով փորձելով քողարկել ընտրակաշառքի տրամադրման փաստը և նվազագույնի հասցնել դրա բացահայտումը։
Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի՝ մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաև ընտրող հանդիսանալու հանգամանքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: