Թուրքիայի և Իրանի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերի և Սայիդ Մեջիդ իբն-ուլ Ռզայի հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է «Անադոլուն»:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության, «հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ հաշվի առնելով առաջին հերթին վերջին տարածաշրջանային իրադարձությունները»:
Ինքնին փաստը, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ պատերազմի մեջ գտնվող Իրանի պաշտպանության նախարարը թուրք պաշտոնակցի հետ երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության ու անվտագության հետ կապված հարցեր է քննարկել, վկայում է կողմերի միջև վստահության որոշակի մակարդակի առկայության կամ դրան հասնելու քաղաքական կամքի մասին:
Պատերազմի մեկնարկից անցել է մեկ ամիս, բայց Իրանի պաշտպանության ոչ մի նախարար շփում չի ունեցել ռազմավարական համարվող դաշնակից Ռուսաստանի կամ Չինաստանի պաշտոնակցի հետ, իսկ Թուրքիան, պարզվում է, տարածաշրջանի վերջին իրադարձություններով պայմանավորված՝ չի բացառում Իրանի հետ կոլեկտիվ պաշտպանություն կազմակերպելու տարբերակը:
Այս համատեքստում ուշագրավ է Turkiye իշխանամետ պարբերականի հրապարակումը, որտեղ բացահայտվում է, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից մի քանի օր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ և հայտարարել, որ եթե Իրանում «քրդական անջատողականությունը գործի դրվի, ապա Թուրքիան չի հապաղի և կկասեցնի ցանկացած գործողություն»:
Ըստ աղբյուրների, հիմնական աշխատանքը կատարել են արտգործնախարար Ֆիդանը և հետախուզության պետ Քալընը, որոնց հաջողվել է կապ հաստատել Իրաքյան Քրդստանի առաջնորդրների հետ և կանխել զինված խմբավորումների մուտքը իրանական տարածք:
Այդ ռազմա-դիվանագիտական ծրագրին ներգրավվել է նաև Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Օջալանը, որը բանտից կոչ է հղել Իրաքյան Քրդստանի տարածքի զինված խմբավորումներին և հորդորել, որ նրանք «չհայտնվեն «Մոսադի» լարած ծուղակում»:
Այսպիսով, Թուրքիան, առնվազն Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի համատեքստում, հանդես է գալիս Իրանի տարածքային և քաղաքական ամբողջականության պահպանման դիրքերից և այդ ուղղությամբ, ինչպես հասկացվում է կողմերի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի մասին տեղեկատվությամբ, դիվանագիտականից զատ կարող է ձեռնարկել ռազմա-պաշտպանական բնույթի քայլեր: