Հակակոռուպցիոնը հայտնում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվե ապահովելու համար ընտրակաշառքի բացահայտման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերի բացահայտման մասին: Կա 5 ձերբակալված:

Մասնավորապես, ըստ իրավապահ կառույցի հաղորդագրության՝ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել Արմավիրի մարզի քաղաքացիներին, որպեսզի ապահովեն նրանց մասնակցությունը հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։

Այդ նպատակով նրանք, ըստ իրավապահների, նախ Մեծամորում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, 2025–2026-ին մարդկանց ձևական գրանցել են այնտեղ՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։

«Պարզվել է նաև, որ նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ՝ դրանով փորձելով քողարկել ընտրակաշառքի տրամադրման փաստը և նվազագույնի հասցնել դրա բացահայտումը», – նշել է Հակակոռուպցիոնը։

«Մեր ձևով» շարժումը համակարգում էր գործարար, «Տաշիր կապիտալի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Շարժման անդամները ներկայումս «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն են ձևավորել՝ գործարար Կարապետյանի գլխավորությամբ, ով տնային կալանքի տակ է:

Հակակոռուպցիոնը պնդում է նաև, որ մի խումբ անձինք բարեգործություն իրականացնելու արգելքի պայմաններում ընտրություններին մասնակցող՝ Արմավիրի բնակիչների բարեգործության անվան տակ «Ուժեղ Հայաստանի» անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով 2026-ի փետրվար–մարտ ամիսներին անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մեկ տասնյակ խուզարկություններ:

«Ուժեղ Հայաստանից» դեռևս չեն արձագանքել այս հաղորդագրությանը: Կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Նախընտրական ցուցակը, սակայն, կգլխավորի Նարեկ Կարապետյանը, որը լինելու է անցումային ժամանակահատվածի համակարգողը, երաշխավորը, որպեսզի ԱԺ-ն իրականացնի սահմանադրական փոփոխություն:

Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի և ոչ էլ պատգամավորի թեկնածու, քանի որ գործարարը Հայաստանից բացի, նաև Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացի է:

Leave a Comment