Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի հարվածներին մասնակցող ինքնաթիռների համար, հայտնել է El Pais-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Իսպանիան ոչ միայն արգելում է իր Ռոտա և Մորոն դե լա Ֆրոնտերա բազաների օգտագործումը գործողությանը մասնակցող կործանիչների և լիցքավորիչների կողմից, այլև մերժում է երրորդ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում տեղակայված ամերիկյան ինքնաթիռների մուտքը։
El Pais-ը պարզաբանել է, որ վայրէջք կատարելը և թռիչքները թույլատրվում են միայն արտակարգ իրավիճակներում։
Այնուամենայնիվ, Մադրիդի և Վաշինգտոնի միջև երկկողմ համաձայնագրով նախատեսված այլ առաջադրանքներ շարունակում են կատարվել։ Մասնավորապես, Իսպանիան լոգիստիկ աջակցություն է ցուցաբերում Եվրոպայում տեղակայված 80 000 ամերիկացի զինծառայողների։
Ավելին, Սևիլիայում գտնվող օդային երթևեկության կառավարման կենտրոնը օդային նավիգացիոն աջակցություն է ցուցաբերում ամերիկյան ռմբակոծիչներին, որոնք թռիչքներ են կատարում Միսսուրիից, հարվածներ են հասցնում Իրանին և այնուհետև վերադառնում բազա։ Սակայն դրանք չեն մտնում Իսպանիայի օդային տարածք։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը բացահայտորեն դեմ է արտահայտվել Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակմանը։ Իսպանիան արգելել է իր բազաների օգտագործումը Իրանի դեմ հարվածների համար։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կխզի առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։ Ի պատասխան՝ Պեդրո Սանչեսը նշեց, որ Իսպանիան դեմ է միջազգային իրավունքի խախտմանը։
«Կառավարությունները կոչված են բարելավելու մարդկանց կյանքը, այլ ոչ թե վատթարացնելու այն։ Անընդունելի է, որ այս առաքելությունը կատարելու անկարող առաջնորդները պատերազմի մշուշն օգտագործեն իրենց ձախողումը թաքցնելու համար՝ միաժամանակ լցնելով ընտրյալների գրպանները։ Նրանք միակն են, ովքեր շահում են, երբ աշխարհը դադարեցնում է հիվանդանոցներ կառուցելը և սկսում է հրթիռներ կառուցել»,- ասաց Իսպանիայի վարչապետը։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
