Քննարկվել են ՀՀ-Բելգիա խորհրդարանական կապերն ու տարածաշրջանային զարգացումները

Քննարկվել են ՀՀ-Բելգիա խորհրդարանական կապերն ու տարածաշրջանային զարգացումները

30 մարտի 2026 – 15:08 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ինչպես նաև խմբի անդամներ Շիրակ Թորոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Հռիփսիմե Հունանյանը մարտի 30-ին Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները:

Ողջունելով բելգիացի գործընկերներին՝ Արմեն Ռուստամյանը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում, երբ գործել է Հայաստան-Բելգիա բարեկամական խումբը, ստեղծվել են բազմաթիվ հնարավորություններ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Նրա խոսքով՝ այս հանդիպումը լավ հնարավորություն է դարձել գործընկերների հետ ամփոփելու կատարված աշխատանքը։

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ Արմեն Ռուստամյանը անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին և ընթացող խաղաղության գործընթացին։ Նրա գնահատմամբ՝ երկարաժամկետ և կայուն խաղաղություն հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ լուծվում են առկա բոլոր հիմնախնդիրները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր թեմաներ, որոնք վերաբերել են Հայաստան-Բելգիա սերտ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին և վերադարձի հնարավորությանը, Բաքվում պահվող անձանց ազատ արձակման հարցին, ինչպես նաև Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին և սահմանադրական փոփոխություններին։

Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆն իր խոսքում ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և այդ համատեքստում կարևորել խորհրդարանական համագործակցությունը։

«Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամությունը հիմնված է ընդհանուր և համատեղ արժեքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, խաղաղություն, կայունություն: Եվ այդ արժեքները մեր ընդհանուր արժեքներն են, որոնց հետ կապված շատ քննարկումներ են լինում Բելգիայի խորհրդարանում՝ ներառյալ Հայաստան-Ադրբեջան հակամարտության թեման»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին հինգ տարիների ընթացքում Բելգիայի խորհրդարանը չորս բանաձև է ընդունել Հայաստանի առնչությամբ։

ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամ Շիրակ Թորոսյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է պաշտոնական դիրքորոշումները քննարկված հարցերի շուրջ՝ կարևորելով կայուն և անշրջելի խաղաղության հաստատմանն ուղղված ընթացիկ գործընթացը։

Leave a Comment