Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական նավթամթերք Կուբա մատակարարելու թեման նախապես բարձրացվել է Միացյալ Նահանգների հետ շփումների ժամանակ։
Լրագրողները հարցրել են, թե ինչպես է Կրեմլը մեկնաբանելու այն լուրը, որ Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ, թույլ կտա ռուսական նավթատար նավին մուտք գործել Կուբա, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության մասին, որ ինքը դեմ չէ կղզի նավթ մատակարարելուն, այդ թվում՝ Ռուսաստանից։
«Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, ես կարող եմ միայն հաստատել, որ այս թեման իսկապես նախապես բարձրացվել է մեր ամերիկացի գործընկերների հետ շփումների ժամանակ», – լրագրողներին ասել է Պեսկովը։
