Իրանը նախատեսում է վճարովի դարձնել նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ ըստ նոր օրենքի, ինչի մասին հայտնել է Իրանի պետական հեռարձակող IRIB-ը՝ հղում անելով խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալաոդդին Բորուջերդիին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու և ջրային ուղիների սպասարկման ծառայությունները կտրամադրվեն վճարովի հիմունքներով։ Մինչդեռ դեռևս հստակեցված չէ, թե երբ են նոր կանոններն ուժի մեջ մտնելու։
Միևնույն ժամանակ, փետրվարի 28-ից հետո, երբ սկսվել է ամերիկա-իսրայելական արշավն Իրանի դեմ, Թեհրանը փաստացի սահմանափակել է նավագնացությունը նեղուցով։ Անարգել անցում, ըստ տեղեկությունների, տրամադրվել է միայն բարեկամ կամ չեզոք դիրքորոշում պահպանող երկրների նավերին։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Իրանը խնդրել է բանակցություններ, պատրաստ է զիջումների, և քննարկում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետից բաղկացած փաստաթուղթը: Թեհրանը պատասխանել էր, որ Թրամփի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են մեկ նպատակ՝ «հանդարտեցնել» նավթային շուկաները:
