Թրամփը չի բացառել Խարգ կղզու և իրանական նավթի նկատմամբ վերահսկողություն սահմանելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է վերահսկողություն հաստատել Իրանի նավթային ռեսուրսների նկատմամբ և նույնիսկ դիտարկել Խարգ կղզու գրավման հնարավորությունը։ Financial Times-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ «կարելի է վերցնել Իրանի նավթը»՝ ընդգծելով, որ նման քայլի տարբերակները քննարկվում են։

Նա նաև ակնարկել է, որ դա կարող է ներառել Իրանի կարևորագույն նավթային հանգույցներից մեկի՝ Խարգ կղզու նկատմամբ վերահսկողության սահմանումը։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն «շատ տարբերակներ ունի», իսկ կղզու պաշտպանությունը, ըստ նրա, թույլ է, և այն «կարելի է հեշտությամբ գրավել»։

Թրամփը նաև նշել է, որ նման քայլը կարող է պահանջել ամերիկյան ներկայություն կղզում որոշ ժամանակով։

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել, տարածաշրջան են ուղարկվել հազարավոր ամերիկացի զինվորներ։ Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունները, որոնք ընթանում են Պակիստանի միջնորդությամբ, առաջընթաց են գրանցում։ Նրա խոսքով՝ հնարավոր համաձայնագիրը կարող է կնքվել բավական արագ։

Leave a Comment