
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնապես հաստատել է իր ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրիի մահը՝ Իսրայելի կողմից նրան թիրախավորելու մասին հայտարարությունից մի քանի օր անց։
ԻՀՊԿ-ին կից Tasnim լրատվամիջոցում հրապարակված հայտարարության համաձայն՝ Թանգսիրին մահացել է ստացած ծանր վնասվածքների հետևանքով։
Նշվում է, որ նա զբաղվում էր ռազմական ուժերի կազմակերպմամբ և կղզիների ու ափամերձ տարածքների պաշտպանության ամրապնդմամբ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, չնայած հրամանատարի բացակայությանը, շարունակել են գործողությունները և վերահսկողությունը Հորմուզի նեղուցում՝ հասցնելով «ջախջախիչ հարվածներ»։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ շարունակելու է գործողությունները և «չի հանգստանա, մինչև թշնամին լիովին չոչնչացվի»։ Թանգսիրին համարվում էր ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամանատարներից մեկը և ակտիվորեն ներգրավված էր Հորմուզի նեղուցով նավերի անցումը վերահսկելու գործընթացում։
Նա նախկինում բազմիցս կոշտ հայտարարություններով հանդես էր եկել ԱՄՆ-ի և Իսրայելի հասցեին։