Լուլա դա Սիլվա. Աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գտնվում է հակամարտությունների գագաթնակետին

Աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ թվով հակամարտություններն է ապրում, և ժամանակն է, որ ՄԱԿ-ը վճռականորեն գործի։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան «Կոմերսանտ» կայքում հրապարակված հոդվածում։

Բրազիլիայի առաջնորդը նշել է, որ միջազգային իրավունքի յուրաքանչյուր խախտում նոր չարաշահումների հիմք է հանդիսանում։

«Աֆղանստանից մինչև Իրան՝ ներառյալ Իրաքը, Լիբիան, Սիրիան, Ուկրաինան, Գազան և Վենեսուելան, թույլատրելիի և արգելվածի միջև գիծը մշուշվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թողտվության և անգործության պատճառով», – նշել է Բրազիլիայի նախագահը։

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամները գործում են՝ հաշվի չառնելով կազմակերպության կանոնադրությունը։ Այս պետությունները իրենց վետոյի իրավունքն օգտագործում են որպես վահան կամ զենք։

«Նրանք խաղում են միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հետ՝ իրենց հետևից թողնելով մահվան և ավերածությունների հետքեր», – ընդգծել է Լուլա դա Սիլվան։

Բրազիլիայի նախագահը կարծում է, որ ժամանակն է վերականգնել «բարեփոխված ՄԱԿ»-ի գործելու կարողությունը: Լուլա դա Սիլվայի խոսքով՝ կազմակերպությունը պետք է դադարի ամբողջ աշխարհի իրադարձություններին անտարբեր լինելուց:

Leave a Comment