Տեսանյութ. Փաշինյանի «սադրիչ» այցը. Հակոբ Բադալյան

Ըստ էության, վարչապետ Փաշինյանն այսօր «սադրիչ այց» կատարեց սուրբ Աննա եկեղեցիի, որտեղ ընթանում էր Ծաղկազարդի Պատարագը: Նրա այցը նախ աժիոտաժ առաջացրեց եկեղեցում, ընդ որում ոչ թե նրա հանդեպ հետաքրքրության, այլ պարզապես ուղեկցող պաշտոնյաների եւ թիկնապահների հոծ խմբի բերումով:

Նրանք պարզապես խանգարեցին Պատարագի ընթացքը իրենց այցով, որովհետեւ փորձելով անցնել այդ մեծ խմբով եկեղեցու բազմության միջով եւ մոտենալ առաջին շարքերին` նրանք ըստ էության հրմշտում էին իրենց տեղերում կանգնած քաղաքացիներին: Այդպիսի բազմության միջով անցնելու գեթե մեկ փորձ ունեցող ցանկացած քաղաքացի գիտե, որ անգամ մեկ մարդը անցնելու պարագայում բավականին հրմշտում է մյուսներին: Այս դեպքում, անցնում էր մի խումբ՝ Փաշինյանն ու նրան ուղեկցողները, եւ Պատարագ լսող բազմությունը պարզապես զգում էր շոշափելի անհարմարություն:

Տրամաբանական է, որ այդ պարագայում կլինեին մարդիկ, որոնք կարտահայտեին իրենց դժգոհությունը: Վերջին հաշվով, պարզ տրամաբանությունը հուշում է, որ, եթե վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցի մուտքի նպատակն ընդամենը Պատարագին ներկա լինելն էր, ապա նա կարող էր մուտք գործել եւ շատ համեստ կանգնել մուտքի մոտ, առանց թե’ ավելորդ ուշադրություն գրավելու, թե’ հավաքված բազմությանը ավելորդ անհարմարություն պատճառելու:

Բայց նա մտնում է եկեղեցի ու շարժվում առաջ, այն էլ զգալի խմբով: Թիկնապահները բնականաբար անում էր իրենց գործը, նրանք պետք է հնարավորինս տարածություն ապահովեն Փաշինյանի եւ մարդկանց միջեւ, դա նրանց գործառույթն է, նրանց աշխատանքի կոշտ կանոնը: Եվ հենց դա նկատի ունենալով էլ վարչապետ Փաշինյանը պետք է ձեռնպահ մնար այդ քայլից:

Հենց այստեղ է, որ քայլը այլ կերպ, քան սադրիչ, դժվար է գնահատել: Եվ սադրանքը տեղի ունեցավ, Պատարագին ներկա երիտասարդը չկարողացավ զսպել իրեն եւ արտահայտվեց, առաջացավ միջադեպ, իսկ հետո արդեն նրա հետեւից եկան ինչ -որ «քաղաքացիականներ»:

Ընդ որում՝ շատ հետաքրքիր է, որ նրան ձերբակալում կամ բերման են ենթարում քաղաքացիական հագուստով մարդիկ: Եթե նրանք օպերատիվ աշխատողներ են, ապա ինչպե՞ս կարող են փաստորեն բազմաթիվ մարդկանց ու տեսախցիկների առաջ ինքնաբացահայտվել: Ինչու՞ են նրանք կատարում բերման ենթարկելու գործը, այլ ոչ թե համազգեստով ոստիկաններ:

Ըստ իս` պատճառը մեկն է՝ քաղաքացիական հագուստով այդպիսի գործողությունները քաղաքացիների, հանրության շրջանում ներշնչում է այսպես ասած խորհրդավորություն եւ ավելի վախ, վախ «քաղաքացիականներից», եւ հետեւաբար կասկած ցանկացած «քաղաքացիիականի» հանդեպ: Այստեղ արդեն աշխատում է հոգեբանական խորը ներգործության տեխնոլոգիա, որ մարդիկ սկսեն հնարավորինս շատ կասկածել ցանկացած անծանոթի, կասկածել միմյանց:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment