«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման անդրադարձել է քաղաքական ուժի քայլերին՝ ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին։
Խոսելով կուսակցության անվտանգային ծրագրերից՝ Մանուկյանը շեշտել է, որ անվտանգությունը պետք է կառուցվի բանակի և դիվանագիտության համադրության վրա։
«Այո, դիվանագիտությունը իր հերթին, բայց բանակն էլ իր հերթին է կարևոր։ Մենք հստակ ձևակերպում ենք, որ պիտի ամուր լինի մեր բանակը, այն երկարաժամկետ և կայուն խաղաղության հիմնական բաղադրիչներից է»,- ընդգծել է նա։
Մանուկյանը ներկայացրել է կուսակցության անվտանգային վեց քայլերը՝ «ուժեղ դիվանագիտություն, ուժեղ բանակ, պաշտպանված երկինք, խելացի սահման, արժանապատիվ ծառայություն և տեղական ռազմարդյունաբերություն»։ Նրա խոսքով՝ դիվանագիտության շրջանակում կարևոր է ունենալ մի քանի երաշխավոր պետություններ։
Բանակի ամրապնդման մասով Մանուկյանը նշել է, որ նախատեսում են ներգրավել լավագույն փորձագետներին, լավագույն սպառազինությունը, լավագույն հնարավորությունները։
«Մեզ համար կարևոր է զինվորի կյանքը, այլ ոչ թե այսօրվա քարոզչությունը»,- շեշտել է կուսակցության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ունենա նվազագույն անհրաժեշտության 1000 անօդաչու թռչող սարք, որպեսզի կարողանա զսպել ցանկացած ռազմական էսկալացիա։
«Մենք տեսնում ենք Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունները, որոնցում նա դեռևս չի հրաժարվում իր տարածքային նկրտումներից»,- նկատել է Մանուկյանը։
Խոսելով խելացի սահմանների մասին՝ նա նշել է, որ անհրաժեշտ են մշտադիտարկման սարքավորումներ, կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, որոնք պետք է ապահովեն առաջնագծի լիարժեք վերահսկողությունը։
Մանուկյանը կարևորել է նաև զինծառայողների սոցիալական պայմանները։
«Արժանապատիվ ծառայությունը կարևորագույն մեր կետերից մեկն է, որի շրջանակում զինվորը պետք է զգա, որ պետությունը իր թիկունքին է, և ծառայության ընթացքում ստանա կրթական և սոցիալական աջակցություն»,- հավելել է նա։
Մանուկյանն անդրադարձել է նաև քաղաքական գործընթացներին՝ նշելով, որ իշխանությունը շարունակում է միակողմանի զիջումների ճանապարհը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթը անվանել է «շանտաժ՝ սեփական ժողովրդի հանդեպ»։
Մանուկյանի խոսքով՝ միայն ուժեղ առաջնորդը կարող է Հայաստանի խաղաղությունը կայունացնել, և այդ համատեքստում նշել է, որ Հայաստանի հաջորդ վարչապետ պետք է լինի Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
