
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Տեսանյութերից երևում է, որ ոստիկանները նրանց նստեցնում են մեքենան և հեռացնում:
ՆԳՆ-ն դեռևս պաշտոնական պարզաբանմամբ հանդես չի եկել:
Քաղաքացիներից մեկը, ըստ լրատվամիջոցների, այն նույն երիտասարդն է, ում հետ մոտ 2 ժամ առաջ միջադեպ էր գրանցվել վարչապետի ներկայությամբ: Սակայն, տեսանյութերում պարզ չի երևում նրա արտաքինը:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքում գրել է, որ երկու քաղաքացու են ձերբակալել ու տարել դեռևս անհայտ ուղղությամբ։
Եկեղեցում այսօր միջադեպ գրանցվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ու մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ: Պատարագը դեռ չէր ավարտվել:
Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել:
«Տենց չնայես ինձ», – դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:
Փաշինյանը թիմակիցներին հորդորեց չարձագանքել՝ ձեռքով լռություն պահելու ժեստ ցույց տալով: