Հայաստանը կարող է ամերիկա – իրանական խաղաղ կարգավորմանը մասնաբաժին ունենալ •

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները մարտի 29-30-ին կգտնվեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, որպեսզի Իրանի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նպատակով «խորքային բանակցությունների հարցերով խորհրդատվություններ անցկացնեն»:

Այդ մասին հայտնել է Deuche Welle-ն՝ հղելով Պակիստանի արտգործնախարար Իսհամ Դարին: Վերջինս այդ մասին գրառում է կատարել սոցիալական Իքս հարթակում:

Պակիստանը վերջին շրջանում հանդես է եկել որպես Իրանի և Միացյալ Նահանգների միջեւ միջնորդ: Չնայած Աֆղանստանի հետ զինված հակամարտությանը, Իսլամաբադին հաջողվում է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Իրանի, այնպես էլ Պարսից ծոցի արաբական երկրների եւ Միացյալ Նահանգների հետ:

Ավելի վաղ AFP գործակալությունը հայտնել է, որ ամերիկյան «տանսհինգ կետից բաղկացած առաջարկությունների փաթեթը Թեհրանին է փոխանցվել Իսլամաբադի միջոցով»:

The New York Times-ի տեղեկացվածությամբ, այդ ծրագիրը ենթադրում է «Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնում, Իրանի միջուկային ծրագրի խստագություն վերահսկողություն և մեկամսյա հրադադար, որի ընթացքում Վաշինգտոնում պետք է կայանան իրանա-ամերիկյան հիմնական բանակցությունները, որ չեն ներառնի Իրանում վարչակազմի փոփոխության հարցը»:

Ըստ The Wall Street Journal-ի, Իրանը Միացյալ Նահանգներից «պահանջում է փակել Պարսից ծոցի երկրներում բոլոր ռազմահենակայանները, վճարել ռազմական գործողությունների հետևանքով պատճառած բոլոր վնասների փոխհատուցում, ճանաչել Հորմուզի նեղուցում նավագնացության դիմաց վճարումներ գանձելու իրավունքը, չեղարկել տնտեսական պատժամիջոցները, տալ չհարձակվելու երաշխիքներ, երաշխավորել ամբողջ ծավալով միջուկային խաղաղ ծրագրի շարունակականությունը, դադարեցնել լիբանյան «Հըզբալա»-ի դեմ հարձակումները»:

Այս համատեքստում մարտի 28-ին կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Աբաս Արաղչիի հեռախոսազրույցը, որի ընթացքում զրուցակիցները «մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների, իրավիճակի կարգավորման հասնելու հնարավորությունների շուրջ, ինչպես նաև շոշափել բազմակողմ օրակարգում առկա հումանիտար բնույթի մի շարք հարցեր»:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից ի վեր հայ-իրանական դիվանագիտական շփումներում պաուզա չի արձանագրվել: Բայց Իսլամաբադում իրանա-ամերիկյան բանակցությունների շուրջ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների երկօրյա խորհրդատվությունների մեկնարկից առաջ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցը բոլոր առումներով կարևոր է:

Մանավանդ որ կողմերը մտքեր են փոխանակել նաեւ իրավիճակի կարգավորման հնարավորությունների շուրջ: Դա նշանակում է, որ հայ-իրանական հարաբերություններում առկա է փոխադարձ վստահություն և, չնայած հնարավորությունների ակնհայտ սղությանը, Հայաստանը կարող է խաղաղ կարգավորմանը մասնաբաժին ունենալ:

Leave a Comment