Պահեստազորայիններին վնասելու դեպքով վարժական հավաքով զորակոչվածի նկատմամբ հարուցվել է քրվարույթ

Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը):

ՔԿ-ից մանրամասնել են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Մարտի 26-ին Վարդենիսում դանակահարված 3 պահեստազորային էր հոսպիտալացվել։ ՔԿ-ից հայտնել էին, որ վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է։

Leave a Comment