
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթթին մարտի 29-30-ը կայցելեն Իսլամաբադ՝ Իրանի հարցով խորհրդակցությունների և Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը՝ մարտի 28-ին, X-ում հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը:
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև արտգործնախարարների և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հանդիպումը:
«Պակիստանը բարձր է գնահատում եղբայրական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի հետ իր հարաբերությունները: Այցը հնարավորություն կտա ավելի ամրապնդել այդ երկրների հետ համագործակցությունն ու համակարգումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում», — ընդգծել է Իսհակ Դարը:
Վերջին շրջանում Պակիստանը միջնորդի դեր է ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև: Իսլամաբադը լավ հարաբերություններ է պահպանում Թեհրանի, Պարսից ծոցի երկրների և Վաշինգտոնի հետ: ԱՄՆ-ի 15 կետից բաղկացած ծրագիրն Իրանին փոխանցվել է Պակիստանի միջոցով, ավելի վաղ հաղորդել էր AFP-ը՝ հղում անելով Իսլամաբադում կառավարության երկու պաշտոնյայի:
ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրն Իրանից պահանջում է արմատական զիջումներ, որոնք Թեհրանն անընդունելի է համարում.