«Սիրելի հայրենակիցներ, առանց չափազանցնելու այսօր մեր երկիրը և ժողովուրդը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ ու ճակատագրական փուլերից մեկում: Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքից է կախված մեր երկրի հետագա ընթացքը: Արդյո՞ք մենք կարողանանք կտրել այս նվաստացման կորուստների, անարժանապատվության շղթան և երկիրը միասնական ուժերով դուրս բերել այս իրավիճակից: Եվ սրանով պայմանավորված, այո՛, առաջիկա ընտրությունները դրանք ընթացիկ կամ սովորական ընտրություններ չեն։ Որպեսզի այդ ընտրություններին մեր ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի և ճիշտ գնահատական տա անհրաժեշտ է այս չարիքի իշխանության տարիներին ամբողջական գնահատական տրվի: Եթե մենք այդ գնահատականը ամբողջությամբ մեր ժողովուրդը չկայացնի և չգնահատի, չի կարող վաղը ճիշտ ընտրություն անել և կրկին սրանք կարողանան խաբել: Ի՞նչ է տեղի ունեցել սրանց կառավարման ութը տարիների ընթացքում՝ հայաթափվել է Արցախը, 150 000 մարդ մնացել է անտուն, անհայրենիք, շուրջ 5000 զոհ, 12000 մարդ հաշմանդամ, այսօր Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ զբաղեցնելով մեր բարձրադիր ռազմավարական դիրքերը, ներքին կյանքում պառակտել են մեր ժողովրդին, բաժանել սևերի ու սպիտակների, նախկինների ու նորերի, ռուսամետների ու արևմտամետների, թշնամու պահանջով պատրաստվում են փոխել մեր սահմանադրությունը և այս ամեն ինչի դիմաց ի՞նչ է ստացել մեր ժողովուրդը՝ ասֆալտ, որն անձրև եկավ-քշեց տարավ»,- այս մասին Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։