28 մարտի 2026 – 14:00 AMT
PanARMENIAN.Net – Դավաճանության հոդվածով արդարացված ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և կայացվել է մեղադրական վերդիկտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Նա հիշեցրել է, որ նիստը դռնփակ էր և Աշխեն Ալեքսանյանը գտնվում է կալանքի տակ։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, 2026 թվականի մարտի 27-ին դռնփակ դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Աշխեն Մնացականի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), կայացրել է մեղադրական վերդիկտ, որով գտել է, որ ապացուցված է մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքը կատարելու մեջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով»։
Այսպիսով, Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և Դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին»,-ասվում է գրառման մեջ:
Մեղադրական վերդիկտ կայացվելու պայմաններում մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ։
Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Աբգար Պողոսյանը: Դատախազությունը հայտնել է, որ վերաքննիչ բողոք է ներկայացնելու: ԱԳՆ աշխատակցի նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել 2025 թվականի ամռանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա։ Վարույթը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն և 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն):