Բուշերի ԱԷԿ-ից տարհանված 164 «Ռոսատոմ»-ի աշխատակից ՀՀ-ով վերադարձել է ՌԴ․ դեսպանություն

Իրան «Բուշեր» ատոմակայանի վրա երրորդ հարձակման մասին տեղեկատվության ֆոնին ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնել է Հայաստանի տարածքով Ռոսատոմի ևս 164 աշխատակցի տարհանման մասին։

«Երևան-Մոսկվա հատուկ չվերթով տարհանվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքով 327 ՌԴ քաղաքացի է վերադարձել Ռուսաստան։

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում իրենց խորին երախտագիտությունն են հայտնել Հայաստանի իշխանություններին՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների մուտքն օպերատիվ ձևակերպելու համար: 

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

 

Leave a Comment