Փոլ Մաքքարթնիի նոր ալբոմը. Մանկության, Լիվերպուլի, չպատմված հուշերի մասին

«Հաճախ եմ մտածում անցած օրերի մասին ու կարծես դրանց մասին եմ միշտ երգում, բայց հետո մտածում եմ. ինչպե՞ս կարելի է գրել ուրիշ բանի մասին: Լիվերպուլի մասին այնքան շատ հիշողություններ կան»,- ասում է Փոլ Մաքքարթնին մարտի 26-ին իր նոր ալբոմի մասին հայտարարության մեջ։ Այն թողարկվելու է մայիսին։ 83-ամյա բիթլը 14 երգերով պատմելու է մանկության, ծնողների, Լենոնի և Հարիսոնի հետ ծանոթության մասին։ Այն պատմություն է պատմությունից առաջ, մինչ The Beatles-ը կվարակեր ամբողջ աշխարհը բիթլոմանիայով։ Ալբոմը կոչվում է The Boys of Dungeon Lane։ Դանջեն Լեյնը փողոց է Լիվերպուլի աշխատավոր դասի թաղամասում, որտեղ անցել է Մաքքարթնիի մանկությունը։ Վերնագիրը վերցված է ալբոմի Days We Left Behind հրապարակված սինգլի տողերից։

«Տեսեք Դանջեն Լեյնի տղաներին

Մերսիի ափին

Նրանցից ոմանք կզգան ցավը

Բայց ոմանք նախատեսված էին ավելիի համար»։

Նոստալգիկ, ֆալցետային ձայնով Փոլը կիսվում է անձնական հիշողություններով՝ մանկություն, Լիվերպուլ, պատանեկան գաղտնիքներ։

«Մենք հանդիպեցինք Ֆորթլին Ռոուդում

Եվ գրեցինք գաղտնի կոդ

Որպեսզի երբեք չիմացվի

Ես հավատարիմ եմ այն ​​բանին, ինչ ասել եմ

Խոստումը, որը ես տվել եմ

Երբեք չի խախտվի»։

Պարզ ակուստիկ նվագակցությամբ նա հիշում է «ծխոտ բարերը և էժանագին կիթառները»՝ պատմում է Լիվերպուլի մասին, որը միշտ փոխվում է, բայց «ոչինչ չի կարող ջնջել այն օրերը, որոնք մենք թողել ենք»։

Ալբոմը կլինի Մաքքարթնիի 18-րդ անհատական ​​ալբոմը՝ 63 տարվա ձայնագրման կարիերայի ընթացքում, որը ընդմիշտ փոխեց ռոքնռոլի հնչողությունը։ «The Boys Of Dungeon Lane» կթողարկվի մայիսի 29-ին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment