Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և կայացվել է մեղադրական վերդիկտ, հայտնել է ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Դատարանի որոշմամբ՝ Ալեքսանյանին վերագրված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանությանը, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով) նշել է նա։
Խաչատրյանի փոխանցմամբ՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական դատարանն (դատավոր՝ Անի Դանիելյան) արդարացրել էր պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին։
Մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահները ձերբակալել են Ալեքսանյանին, սակայն տեղեկությունը փորձել են հանրությունից գաղտնի պահել։ Ըստ հրապարակման՝ Ալեքսանյանին ձերբակալել էին Ավստրիայից Հայաստան վերադառնալիս՝ օդանավակայանում։ Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ ԱԱԾ-ն նաև խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում։ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
