28 մարտի 2026 – 12:17 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վիգեն Էուլջեքչյանի (ունի Հայաստանի և Լիբանանի քաղաքացիություն) առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, մարտի 30-ին նրան սրտի կատետերիզացիա կանեն։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի՝ բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։
«Միջամտությունից հետո նախատեսվում է նրան հիվանդանոց տեղափոխել՝ ոսկրային խնդիրները բուժելու համար։ Նա դժվարությամբ է տեղաշարժվում, քայլում է հենակների օգնությամբ։ Կալցիումի կուտակումները սաստիկ ցավեր են պատճառում»,-ասել է Լինդան։
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում, երբ Վիգենը նոր էր վերադարձել գերությունից, նկատվել է միայն զարկերակային ճնշման բարձրացում, և ընդհանուր վիճակը այդքան ծանր չի թվացել, սակայն ժամանակի ընթացքում նրա առողջությունը զգալիորեն վատացել է։
Բժիշկները պարզաբանել են, որ սկզբում չդրսևորված ախտանշանները կարող են ի հայտ գալ ուժեղ սթրեսի ազդեցությունից հետո։
Անդրադառնալով գերության մեջ անցկացրած օրերին՝ Լինդան նշել է, որ այդ ամենը նկարագրել առանց ցավի անհնար է։
«Այն, ինչի միջով նա անցել է, ցանկացած մարդու կարող է դեպրեսիայի մեջ գցել՝ ֆիզիկական, էմոցիոնալ և հոգեբանական խոշտանգումներ… Սիրտ կոտրող բան է։ Չնայած այս ամենին՝ նա պինդ է մնում, ժպտում է, փորձում է ուժեղ լինել, հենարան լինել մեզ համար»,-ասել է Լինդան։
Նա նաև ընդգծել է, որ ընտանիքն անում է հնարավորը Վիգենին աջակցելու համար՝ փորձելով չցուցադրել սեփական ցավը։ Մոտ ապագայում Վիգենին այցելելու է նրա դուստրը։
2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել չորս հայ գերիների, որոնց թվում եղել է նաև Վիգեն Էուլջեքչյանը։ Նա լիբանանահայ է, գերեվարվել է Շուշիում 2020 թվականի նոյեմբերին և Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։