28 մարտի 2026 – 12:40 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Փարիզում «Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանի հետ ռազմական հակամարտությունը կարող է շարունակվել ևս 2-4 շաբաթ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա նաև նշել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային նախատեսված սպառազինությունը Մերձավոր Արևելք տեղափոխելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ Իրանի աջակցությամբ գործող Եմենի հուսիները նախազգուշացրել են, որ կմիանան Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությանը, եթե շարունակվեն ամերիկա-իսրայելական հարվածները Թեհրանի դեմ կամ եթե հակամարտությանը միանան այլ երկրներ, հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ հուսիները հարձակումներ են իրականացրել Կարմիր ծովում գտնվող նավերի վրա՝ արձագանքելով Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններին, որոնք սկսվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։
«Մենք հայտարարում ենք, որ մեր մատները ձգանին են՝ ուղիղ ռազմական միջամտության համար», — նշված է հայտարարության մեջ։
Առաջատար տնտեսությունների արտաքին գործերի նախարարները Իրանից պահանջել են ապաշրջափակել Հորմուզի նեղուցը՝ ընդգծելով, որ պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ լուծում գտնել։
Մարկո Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել նեղուցի բացմանը, սակայն պարտադիր չէ, որ առաջնորդեն այդ գործընթացը։
Նրա խոսքով՝ հիմնական պատասխանատվությունը կրում են այն երկրները, որոնք անմիջապես շահագրգռված են նեղուցի գործունեությամբ՝ առաջին հերթին G7-ի և Ասիայի երկրները։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը հայտարարել է, որ Իրանը «չի կարող պատանդ պահել համաշխարհային տնտեսությունը»՝ փակելով Հորմուզի նեղուցը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհանն Վադեֆուլը նշել է, որ Բեռլինի և Վաշինգտոնի միջև տարաձայնություններ չկան Իրանի հարցում՝ ընդգծելով, որ Իրանը չպետք է ձեռք բերի միջուկային զենք և սպառնա տարածաշրջանին։
«Մենք արդեն զգում ենք տնտեսական հետևանքներn ամենուր, հատկապես Եվրոպայում՝ և բավական զգալi: Այդ պատճառով մենք շատ մանրամասն քննարկել ենք այս հարցերը, և այստեղ որևէ տարաձայնություն չկա։ ԱՄՆ-ի կողմից որևէ խնդրանք՝ հատկապես մեզ ուղղված ռազմական մասնակցության վերաբերյալ, չի եղել և չկա մինչև մարտական գործողությունների ավարտը»,-հավելել է Վադեֆուլը։
Ամերիկյան հետախուզությանը մոտ աղբյուրները հայտնել են, որ մոտ մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռային պաշարների մոտ մեկ երրորդը և նույնքան անօդաչու սարքեր։
Մոտ մեկ երրորդը, ըստ գնահատականների, վնասվել է կամ մնացել է ստորգետնյա թունելներում և բունկերներում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։
Աղբյուրները նշել են, որ տվյալները մոտավոր են, սակայն դրանց ճշգրտության դեպքում Թեհրանի տրամադրության տակ մնացել է հրթիռային ներուժի մոտ մեկ երրորդը, որը շարունակում է զգալի լինել։
Ռազմական մասնագետները ընդգծել են, որ Իրանի նախապատերազմյան հրթիռային պաշարների չափը գնահատելը բարդ է արտադրության գաղտնիության պատճառով։
Աղբյուրներից մեկը նշել է, որ դժվարությունը նաև կապված է այն բանի հետ, որ անհայտ է, թե որքան հրթիռ է պահվել ստորգետնյա պահեստներում մինչև պատերազմի սկիզբը։ ԱՄՆ-ը չի բացահայտում իր գնահատականները։
Իսրայելական հրամանատարության տվյալներով՝ պատերազմից առաջ Իրանը ունեցել է մոտ 2500 բալիստիկ հրթիռ, որոնք կարող են հասնել Իսրայել։ Ավելի քան 335 արձակման կայան «չեզոքացվել է», ինչը կազմում է մոտ 70%։
Այս տվյալները տարբերվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից, ով ասել է, որ Իրանը ունի «շատ քիչ հրթիռներ»։
«Եթե Իրանը գործում է խելամիտ, ապա նա պահպանել է իր հնարավորությունների մի մասը՝ նրանք չեն օգտագործում ունեցած ամբողջը։ Նրանք սպասում են», — հայտարարել է կոնգրեսական Սեթ Մոլթոնը։
Միևնույն ժամանակ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի հրթիռային և անօդաչու հարձակումները նվազել են մոտ 90%-ով։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ վնասվել կամ ոչնչացվել է ավելի քան 66% ռազմական արտադրական օբյեկտների։
Փարիզի Sciences Po համալսարանի փորձագետ Նիկոլ Գրաևսկին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը կարող է գերագնահատել հարվածների արդյունավետությունը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի ստորգետնյա թունելների լայն ցանցը դժվարացնում է գնահատականները։
«Իրանն ահռելի երկիր է։ Եվ, ինչպես ՀԱՄԱՍ-ը իր թունելներով, նրանք ուղղել են ցանկացած օգնություն թունելների և հրթիռների կառուցմանը: Բայց մենք համակարգված, անխնա և գերազանց ուժով հետապնդում ենք նրանց, և արդյունքները խոսում են ինքնին»,-ասել է նա:
Մարտի 27-ին Պարսից ծոցի մի շարք երկրներ հայտնել են Իրանի կողմից հրթիռային հարձակումների մասին։ Սաուդյան Արաբիան հայտնել է, որ Էր-Ռիադի ուղղությամբ արձակվել է վեց հրթիռ, որոնցից երկուսը խոցվել է։
Քուվեյթը հայտնել է Շուվայխ նավահանգստի վրա հարձակման մասին՝ նշելով նյութական վնաս։ ԱՄԷ-ն հայտնել է, որ խոցել է վեց հրթիռ և ինը անօդաչու սարք։ Բահրեյնը հայտարարել է, որ խոցել է 362 անօդաչու սարք և 154 հրթիռ։
Իրանի ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է տարածաշրջանի բնակիչներին լքել ամերիկյան զորքերի տեղակայման վայրերը։
Իսրայելի բանակը հայտնել է, որ Իրանը իրականացրել է նոր հարձակումներ, իսկ Լիբանանից շարունակվում են «Հեզբոլլահի» հարվածները։
Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են միջուկային օբյեկտներ։
«Ռադիացիոն վտանգ չի նկատվում, քանի որ օբյեկտում հայտարարված միջուկային նյութեր չեն հայտնաբերվել», — հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ն։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սպասում է Իրանի արձագանքին առաջարկված 15 կետանոց կարգավորման ծրագրին, որը, ինչպես նշվել է, կարող է վերացնել Մերձավոր Արևելքում հակամարտության հիմնական խոչընդոտները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք դիտարկման փուլում ունենք 15 կետից բաղկացած համաձայնագիր, որն արդեն որոշ ժամանակ գտնվում է Իրանի մոտ։ Մենք սպասում ենք նրանց պատասխանին։ Սա կլուծի բոլոր խնդիրները», — հայտարարել է նա Մայամիում կայացած ֆորումում։
Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտների շարքում առանձնացել են ուրանի հարստացման և Իրանում հարստացված միջուկային վառելիքի պաշարների հետ կապված հարցերը։
Ուիթքոֆն ասել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է կազմակերպել Իրանի հետ բանակցությունների հերթական փուլը այս շաբաթվա վերջում։
«Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպումներ կկայանան։ Մենք, անկասկած, հույս ունենք», — ասել է Ուիթքոֆը Մայամիում անցկացված ֆորումում՝ խոսելով Իրանի հետ բանակցությունների մասին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: