«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրացուցակի 30 տեղերի որոշման համար արտահերթ համագումար կանցկացնի Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ համագումարը տեղի կունենա ապրիլի 11-ին՝ ժամը 12։00-ին։ Ցուցակը կգլխավորի կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երկրորդ տեղում կլինի Դավիթ Խաժակյանը, իսկ ցուցակի առաջին կինը կլինի ՀԿ սեկտորից։ Լրատվականի տեղեկությամբ՝ այնտեղ կլինեն ինչպես կուսակցության անդամներ, այնպես էլ հանրային տարբեր ոլորտներում աշխատող անկուսակցականներ, որոնց տևական ժամանակ հրավիրում են՝ գրանցվելու հայտ ներկայացնելու։
Համագումարի օրակարգում նաև կուսակցության նախընտրական ծրագրի ընդունման հարցն է։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:
