Դատարանների կարիքների ապահովման համար շուրջ 9.5 մլն դրամ կհատկացվի

Iravaban.net-ը ուսումնասիրել է ԲԴԽ որոշումը, որի համաձայն  Դատական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվում է հատկացնել 9 մլն 536 հազար 616 դրամ՝ վարչական սարքավորումների ձեռքբերման համար։ Ֆինանսավորումը կատարվում է «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագրի շրջանակում՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների պահուստային ֆոնդից։

Գումարը կուղղվի մի շարք գնումների, որոնք իրականացվել են «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգերով։

Մասնավորապես, նախատեսվում է ձեռք բերել 45 գրապահարան՝ 1 մլն 232 հազար դրամ արժողությամբ։ Բացի այդ, նախատեսված է նաև 2 գրասեղանի և 2 ամբիոնի գնում՝ շուրջ 88 հազար դրամով։

Խոշոր ծավալի գնումներից է 38 գրասեղանների և 20 զգեստապահարանների ձեռքբերումը, որի համար կտրամադրվի ավելի քան 1.27 մլն դրամ։ Նույն ժամանակ, 70 աթոռների ձեռքբերման համար նախատեսվել է 2 մլն 40 հազար դրամ։

Փաստաթղթերի պահպանման պայմանները բարելավելու նպատակով կգնվի նաև 50 փաստաթղթերի պահարան՝ 2 մլն 376 հազար դրամով։

Տեխնիկական հագեցվածության մասով նախատեսվում է ցանցային երթուղագծիչի ձեռքբերում՝ շուրջ 2 մլն 176 հազար դրամ արժողությամբ։

Բացի գույքից, նախատեսված է նաև ներկառուցված կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ մոտ 345 հազար դրամով։ Համապատասխան փոփոխություններով կթարմացվի նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված ծախսերի նախահաշվի հավելվածը։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակմանը հաջորդող օրվանից՝ մարտի 26-ից։։

Leave a Comment