Կապան քաղաքում փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հեղեղումների հետևանքով փակված Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։
Այսօր ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում ջուրը դուրս էր եկել սելավատարից, լցվել փողոց և Ողջի գետ: Վնասվել էին ավտոմեքենաներ, տուժել են կենդանիներ:
Ավելի ուշ գերատեսչությունը հայտնել էր, որ Կապանում սողանքի հետևանքով Արփիկ թաղամաս տանող ճանապարհը միակողմանի փակվել է։
Ըստ գերատեսչության՝ հորդառատ անձրևներից ակտիվացած սողանքի հետևանքով հողազանգվածը և ծառի ճյուղերը հայտնվել էին ճանապարհի երթևեկելի հատվածում։ Փրկարարները մասնատել են ծառերի ճյուղերը, հեռացրել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։
ՆԳՆ-ն մարտի 26-ին զգուշացրել էր առատ տեղումների մասին և կոչ արել խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-ին և 28-ին Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսել էր առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։
