NASA-ն հայտարարել է Լուսնի վրա մշտական մարդկային ներկայություն ստեղծելու լայնածավալ ծրագրի մասին։ Տիեզերական գործակալությունը նախատեսում է առաջիկա տարիներին մոտ 20 միլիարդ դոլար ներդնել, որպեսզի կառուցի մշտական բազա Լուսնի մակերևույթին։ Ծրագիրը ներկայացվել է Վաշինգտոնում անցկացված «Ignition» միջոցառման ժամանակ։ NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանի խոսքով՝ նպատակն է ոչ միայն կրկին մարդկանց ուղարկել Լուսին, այլ նաև այնտեղ ստեղծել երկարաժամկետ բնակություն և պահպանել ԱՄՆ-ի առաջնորդությունը տիեզերական մրցավազքում։
Այզեքմանը նշել է, որ ԱՄՆ-ը մրցում է Չինաստանի հետ և ցանկանում է ամերիկացի տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Նրա խոսքով՝ այս անգամ նպատակը պարզապես խորհրդանշական այցերը չեն․«Այս անգամ նպատակը դրոշ դնելը չէ, այլ այնտեղ մնալը»։
Լուսնի բազայի կառուցման երեք փուլ
NASA-ն ներկայացրել է բազայի ստեղծման երեք հիմնական փուլ.
- Առաջին փուլ – փորձարկումներ։ Լուսին կուղարկվեն ռոբոտներ, սարքեր և գիտական գործիքներ՝ ստուգելու շարժունակությունը, էներգիայի աղբյուրները, կապը և նավիգացիոն համակարգերը։
- Երկրորդ փուլ – նախնական ենթակառուցվածքներ։ Կկառուցվեն կիսաբնակելի տարածքներ տիեզերագնացների համար։ Ծրագրին կմիանան նաև միջազգային գործընկերներ, այդ թվում՝ Ճապոնիայի տիեզերական գործակալությունը։
- Երրորդ փուլ – մշտական ներկայություն։ Լուսին կհասցվեն ավելի մեծ բնակելի մոդուլներ և տրանսպորտային միջոցներ։ Այդ փուլում կանցնեն կարճատև առաքելություններից դեպի մշտական մարդկային ներկայություն Լուսնի վրա։
NASA-ն նաև հայտարարել է, որ հրաժարվում է նախկին «Gateway» նախագծից, որով նախատեսվում էր նախ Լուսնի շուրջ ուղեծրային կայան կառուցել։ Այժմ հիմնական ուշադրությունը կուղղվի հենց Լուսնի բազայի կառուցմանը։
Artemis առաքելությունների ժամանակացույցը
Լուսնի ծրագրի հիմնական մասը իրականացվելու է Artemis առաքելությունների միջոցով։
- Artemis II – նախատեսում է տիեզերագնացներով թռիչք Լուսնի շուրջ և համակարգերի փորձարկում։
- Artemis III – նախատեսվում է 2027-ին՝ Orion տիեզերանավի և վայրէջքային սարքերի համատեղ փորձարկման համար։
- Artemis IV – կլինի առաջին մարդատար վայրէջքը Լուսնի վրա 1972 թվականից հետո։
- Artemis V – նախատեսվում է 2028 թվականին։
NASA-ի գնահատմամբ՝ Լուսնի բազան մեկ օրում չի կառուցվի․ առաջիկա յոթ տարվա ընթացքում տասնյակ առաքելությունների միջոցով աստիճանաբար կստեղծվի ենթակառուցվածք, որը թույլ կտա մարդկանց երկար ժամանակ ապրել և աշխատել Լուսնի վրա։
