27 մարտի 2026 – 18:29 AMT
PanARMENIAN.Net – Առատ տեղումներով պայմանավորված Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էԼոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Մարզպետը քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ առափնյա հատվածներից:
«Այն քաղաքացիները, ովքեր առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Խնդրում եմ պահպանել զգոնություն»,-նշել է նա:
Նա նաև տեղեկացրել է, որ անցկացվել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ փրկարար ծառայությունների, ոստիկանության, համայնքապետերի, բժշկական կենտրոնների և ենթակառուցվածքային ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Կատարված է աշխատանքի հստակ բաժանում, աշխատում ենք 24/7 ռեժիմով»,- նշել է մարզպետը։
Նրա խոսքով՝ դեռ նախորդ տարում իրականացվել են Դեբեդ գետի հունի մաքրման լայնածավալ աշխատանքներ՝ ներգրավելով տասնյակ միավոր ծանր տեխնիկա։
Մարտի 27-ի՝ ժամը 14։30-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը նախապես տեղեկացրել է մարտի 27-28-ին սպասվող տեղումների մասին, որոնց հետևանքով հանրապետության գետերում կանխատեսվել է ջրի ելքերի աճ, հատկապես Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում։