27 մարտի 2026 – 17:33 AMT
PanARMENIAN.Net – Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Աբգար Պողոսյանը:
«Հանիրավի հանրային պարսավանք, լուսանկարների տարածում, անմեղության կանխավարկածի խախտում, իրականության հետ կապ չունեցող տեղեկությունների շրջանառություն։
Այսպիսով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական Դատարանը (նախագահող՝ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ) ՀՀ ԱԳՆ աշխատակից՝ Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ Քր. Օր.-ի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն արդարացվեց:
Ըստ դատարանի՝ վերջինիս գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)։ Պաշտպանական կողմը ևս կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում»,-գրել է նա:
Դատախազությունը հայտնել է, որ վերաքննիչ բողոք է ներկայացնելու, հայտնում է Aysor.am-ը:
Փաստաբանն ասել է, որ առաջադրված մեղադրանքը փոխվել է, և գործողությունները որակվում են որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում։
ԱԳՆ աշխատակցի նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել 2025 թվականի ամռանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա։ Վարույթը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն և 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն):