Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր վստահություն հայտնեց, որ այսօր զինվորների ծնողները գիշերը հանգիստ են քնում։
Երբ 8 տարի կառավարելու ընթացքում երեք պատերազմ բերողն ասում է, որ զինվորի ծնողը հանգիստ է քնում, առնվազն տարակուսելի է։ Բայց քանի որ նա համարում է, թե խաղաղություն է բերել, ուզում ենք հարցնել, երեկ՝ մարտի 26-ին, Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում մահացած, նախնական տեղեկություններով՝ սպանված զինվորի հարազատների՞ն է վերաբերում այդ հանգիստ քնելը։
Իսկ գուցե Փաշինյանի ուղերձը վերաբերում է դրան նախորդած երկու ամսվա ընթացքում մահացած 4 զինծառայողի հարազատների՞ն։ Նրանք բոլոր մահացել են «խաղաղ պայմաններում»։
Թե՞ հանգիստ են քնում խրճիթում հրո ճարակ դարձած 15 զինծառայողների հարազատները, որոնք մինչև հիմա արդարադատություն չեն գտել։
Այո, դուք գուցե հանգիստ եք քնում այն ամենից հետո, որ բերել եք մեր երկրի գլխին, բայց ձեր հանգստությունը ծնողներին, կարծում եմ, չարժե վերագրել։
Եթե միլիոնավոր պարգևավճարներ ստացած պաշտոնյաները չեն կարողանում ապահովել բանակի անգամ ներքին խաղաղությունը, ինչպե՞ս են ապահովելու երկրի անվտանգությունը արտաքին սպառնալիքների պայմաններում։
Այն պայմաններում, երբ մեկ ամսում առնվազն երկու զոհ ենք ունենում բանակում, մեկը մյուսին է սպանում, մյուսը երրորդին է ինքնասպանության հասցնում, չորրորդը մոլորվում է ու ձյան մեջ ցրտից մահանում․ ո՞վ է հանգիստ քնում․ այդ զինծառայողների ծնողները՞, թե՞ դո՞ւք։