27 մարտի 2026 – 16:02 AMT
PanARMENIAN.Net – Wizz Air-ը Երևանից կմեկնարկի երկու նոր ուղղություններով թռիչքներ՝ դեպի Բրյուսել (Բելգիա) և դեպի Էյնդհովեն (Նիդերլանդներ)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ավիաընկերությունը ևս մեկ օդանավ է բազավորելու «Զվարթնոցում»:
«Քիչ առաջ աշխատանքային հանդիպում եմ ունեցել Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինի հետ, որի ընթացքում գործընկերները հայտարարել են, որ թվով երրորդ օդանավն են բազավորում «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասել է Դավիթ Խուդաթյանը։
ՀՀ ՏԿԵ նախարարն առաջարկել է դեպի Ղազախստան և Վրաստան ավիաուղղություններ մեկնարկել, իսկ Վրաստանի դեպքում՝ դիտարկել Գյումրիի Շիրակ օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հեռանկարը, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև օդաչուների վերապատրաստման կենտրոն հիմնելու առաջարկությունը, որը կարևոր կլինի ոչ միայն Wizz Air-ի և Հայաստանի, այլև տարածաշրջանի օդաչուների համար:
Հանդիպումն ավարտվել է փոխադարձ պատրաստակամությամբ՝ առաջիկայում ավիացիոն ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու նպատակով: