ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել տեղումների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) մանրամասներ է հայտնել առատ տեղումների հետևանքով հանրապետությունում, մասնավորապես Սյունիքի մարզում, ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նշվում է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գրիգոր Արզումանյան փողոցում ջուրը դուրս է եկել սելավատարից, լցվել փողոց և Ողջի գետ: Վնասվել են ավտոմեքենաներ, տուժել են կենդանիներ:

Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները: Փողոցը փակվել է պարեկային ծառայության կողմից՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ըստ գերատեսչության՝ մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել:

ՆԳՆ-ն մարտի 26-ին զգուշացրել էր առատ տեղումների մասին և կոչ արել խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց։ Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-ին և 28-ին Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսել էր առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։

 

Leave a Comment