ՄԻՊ զեկույց․ Մտահոգիչ է ՔԿՀ-ներում մահվան դեպքերի աճն ու ինքնասպանությունների բարձր ցուցանիշը

ՄԻՊ զեկույց․ Մտահոգիչ է ՔԿՀ-ներում մահվան դեպքերի աճն ու ինքնասպանությունների բարձր ցուցանիշը

27 մարտի 2026 – 14:50 AMT

PanARMENIAN.Net – Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը զուգահեռ հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Զեկույցը ամփոփել է քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական կազմակերպություններում, ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում և դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերում արձանագրված խնդիրները։

Նշվում է, որ առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում ՔԿՀ-ներում մահվան դեպքերի աճն ու ինքնասպանությունների բարձր ցուցանիշը:

ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով՝ 2025 թվականին արձանագրվել է մահվան 24 դեպք, որոնցից 8-ը՝ ինքնասպանություն։ Քրեակատարողական հիմնարկներում մահացության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է, քանի որ 2024 թվականին գրանցվել է մահվան 12 դեպք, որոնք բոլորը եղել են կենսաբանական մահեր, իսկ ինքնասպանությունների ցուցանիշը դարձել է ամենաբարձրը վերջին 15 տարիների ընթացքում։

Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին ներկայացված 487 առաջարկներից կատարված են գնահատվել 113-ը (23.2%), որոնցից 49-ի դեպքում անհրաժեշտ է ապահովել դրանց շարունակական իրականացումը։ Մասնակի կատարված է գնահատվել 225 առաջարկի (46.2%) կատարողականը, իսկ 149 առաջարկներ (30.6%) դեռևս չեն կատարվել։

Զեկույցը արձանագրել է, որ չնայած կատարված աշխատանքներին, բազմաթիվ խնդիրներ դեռևս չեն ստացել բավարար լուծումներ։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են եղել դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները՝ կահավորման, լուսավորության, սանիտարահիգիենիկ վիճակի, տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար անհարմարեցված միջավայրի, ինչպես նաև սննդի, բժշկական և իրավաբանական օգնության ապահովման հարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ պետությունն ունեցել է պոզիտիվ պարտականություն՝ ապահովելու իր իրավասության ներքո գտնվող անձանց կյանքի իրավունքի պաշտպանությունը, ինչպես նաև երաշխավորելու մահվան յուրաքանչյուր դեպքի առնչությամբ իրականացվող քննությունների լիարժեք, բազմակողմանի և արդյունավետ իրականացումը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերին պատշաճ արձագանքելու, դրանց արդյունավետ քննություն ապահովելու անհրաժեշտությանը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ հոսպիտալացման ընթացքում օրենսդրական պահանջների պահպանման կարևորությանը։

Պաշտպանը կարևորել է նաև խոշտանգումից տուժած անձանց համար աջակցության կենտրոնի ստեղծումը, որը ներառելու է բժշկական, հոգեբանական, իրավաբանական և սոցիալական ծառայություններ՝ վերականգնման և հասարակություն վերաինտեգրման նպատակով աջակցություն ցուցաբերելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև կարևորել է իրավասու մարմինների հետ համագործակցությունը, որը հնարավորություն է տվել մի շարք հարցերի վերաբերյալ լուծումներ գտնել՝ նպատակ ունենալով իրականացնել բարեփոխումներ և շտկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։

2025 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակում իրականացրել է 59 մշտադիտարկման այց՝ 20-ը պարբերական և 39-ը՝ ըստ անհրաժեշտության, նպաստելով առկա խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը։

Leave a Comment