27 մարտի 2026 – 15:12 AMT
PanARMENIAN.Net – 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակել-չհրապարակելու հարցը ունի բացառապես իրավական բնույթ և չի կարող լուծվել քաղաքական հայեցողությամբ, հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Տեսեք, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցը բացառապես իրավական հարց է, քաղաքական հայեցողության հարց չէ, և դրա հրապարակման պատասխանն իրավական ընթացակարգերով է տրվում։ Հետևաբար, քաղաքական հայեցողությամբ դա չի կարող հրապարակվել որևէ կերպ»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Պատգամավորը հիշեցրել է, որ այդ հարցի վերաբերյալ իշխանությունները բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումը։
Անդրադառնալով անհետ կորածների հարազատների հետ աշխատանքին՝ Հովհաննիսյանը նշել է, որ նրանց հետ իրականացվում է պարբերական շփում։
«Ինչ վերաբերում է անհետ կորածների ծնողների, հարազատների հետ աշխատանքին, մենք նրանց հետ պարբերական աշխատանք ենք իրականացնում, և այս իմաստով, ես կարծում եմ, որ ամեն բան արվում է մեր կողմից նրանց նկատմամբ հոգատարության իմաստով նաև»,- ընդգծել է նա։
Անհետ կորածների մի խումբ հարազատներ օրերս Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացրել՝ Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջելով հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը զեկույցը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, սակայն այն չեն կարող հրապարակել, քանի որ դրանում առկա են գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Սիմոնյանը նշել էր, որ դրան կարող են ծանոթանալ ցանկացող բոլոր պատգամավորները։