Իսրայելական բանակում անձնակազմի պակասն սպառնում է անվտանգության լրջագույն խնդիրներով․ The Jerusalem Post

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կարող է մոտ ապագայում հայտնվել փլուզման եզրին, եթե չլուծվի անձնակազմի պակասի խնդիրը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վկայակոչելով The Jerusalem Post-ին, հայտարարել է Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը:

Պարբերականը նշել է, որ Զամիրն անվտանգությանը նվիրված նիստին ընդգծել է, որ այս հարցին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Իսրայելական բանակի աղբյուրները Jpost-ին հայտնել են, որ շարունակվող պատերազմի պայմաններում իրավիճակը մեծ մտահոգություն է առաջացնում:

Աղբյուրները նշել են, որ նույնիսկ խաղաղ ժամանակ Իսրայելին ավելի շատ զինվորներ կպահանջվեին Գազայի հատվածի, Լիբանանի, Սիրիայի և Հորդանան գետի արևմտյան ափի հետ սահմանները պաշտպանելու համար: Եթե կառավարությունը չավելացնի զորքերի թվաքանակը, ապա պաշտպանության որոշակի հատվածներում լուրջ խնդիրներ կառաջանան:

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանը խնդրել է բանակցություններ, պատրաստ է զիջումների, և քննարկում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետից բաղկացած փաստաթուղթը: Թեհրանը պատասխանել էր, որ Թրամփի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են մեկ նպատակ՝ «հանդարտեցնել» նավթային շուկաները:

Leave a Comment