Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՀՀ ՆԳՆ

Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Ըստ հաղորդագրության՝ մարտի 27-ին՝ ժամը 12։10-ին, Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։

«Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ»,- հայտնում են գերատեսչությունից։

Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

ՀՀ ՆԳՆ-ն մարտի 26-ին զգուշացրել էր առատ տեղումների մասին և կոչ արել խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց։ Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-ին և 28-ին Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսել էր առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։

Leave a Comment