Սյունիքում գետերը վարարել են․ Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը

Սյունիքում գետերը վարարել են․ Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը

27 մարտի 2026 – 13:41 AMT

PanARMENIAN.Net – Սյունիքում առատ տեղումների հետևանքով գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Նա հորդորել է մարդկանց չմոտենալ գետերին:

«Հարգելի քաղաքացիներ, տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։

Խնդրում ենք՝

. հեռու մնալ գետամերձ տարածքներից,

. չմոտենալ վարարած գետերին,

. ճանապարհներին լինել առավել ուշադիր»,-ասվում է գրառման մեջ:

Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը` ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

«Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը: Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։

Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment