Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը, կա փլուզում․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ անձրևաջրերը հեղեղել են Կապանի փողոցներից մեկը։
Տեսանյութը հրապարակվել է «Սյունիքի մարզ» Facebook–յան էջում։
Փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը։
«Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։ Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Նշենք, որ նախօրեին Փրկարար ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ զգուշացնելով որոշ մարզերում հեղեղավտանգի մասին։