Թափոնների տեսակավորում կա, բայց վերամշակումը՝ անկման մեջ․ «Էկոսֆերա»

Հայաստանում վերամշակման ցուցանիշների առումով անկում ունենք՝ մասնավորապես ՊԷՏ տեսակի պլաստիկի վերամշակման առումով։ Խնդիրը կապված է ռուբլու փոխարժեքից և համաշխարհային պլաստիկի գներից։

Հայաստանում տարեկան գոյանում է 440 միլիոն պլաստիկ շշի թափոն կամ 11,5 հազար տոննա։ Եվ սա միայն խմիչքից գոյացած շշերի քանակն է։ Այսքանից վերամշակվում է միայն 5%-ը։ Մնացածը հայտնվում է աղբավայրում։

Թափոնի տեսակավորումը կարևոր նախապայման է, եթե ուզում ենք ունենալ կառավարելի ոլորտ։ Սևան, Ստեփանավան, Տաշիր և այլ քաղաքներում սկսել են անցնել թափոնների տեսակավորմանը։ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի փորձագետ Հարություն Ալպետյանը նշում է, որ թեև փոքր, բայց կարևոր քայլ է կատարվել համայնքներում։

Ալպետյանի գնահատմամբ՝ համայնքներում այս դրական տեղաշարժը վերջին մեկ տարվա ընթացքում թափոնների ոլորտում տեղի ունեցած կարևոր փոփոխություններից է։ Իսկ ոլորտում բացասական միտումն այն է, որ չնայած գնալով լայն տարածում է գտնում թափոնների տեսակավորումը, բայց վերամշակող ընկերություններն են այսօր կանգնած լուրջ խնդրի առջև։ Խոսքը ՊԷՏ տեսակի պլաստիկի վերամշակման մասին է. դրանք գազավորված ըմպելիքների շշեր են և այլն։

ՊԷՏ պլաստիկը վերամշակող 2-3 գործարան կար Հայաստանում, այսօր մնացել է մեկ ընկերություն, որը ևս փակման եզրին է, մանրամասնում է փորձագետը։

Այն, որ Հայաստանի վերամշակող ընկերություններն այսօր ունեն հումքի խնդիր, հաստատում է նաև Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում շատ թափոն կա, որը սակայն վերամշակող ընկերություններին չի հասնում. թափոն մշակողն ունի հումքի պակաս։

«Մեծ քանակով, մեկ տեղում հավաքված թափոնատեսակ չկա, չկան տեսակավորման գործարաններ, չկա բավարար վարչարարություն, արդյունքն էլ այն է, որ այսօր վերամշակող ընկերություններն ունեն հումքի խնդիր։ Մշակողը պետք է ինքն ունենա տվյալ հումքի համապատասխան քանակությունը, որպեսզի կարողանա իր արտադրությունը կազմակերպել։ Եթե համապատասխան քանակություն չի ունենում, չի կարող կազմակերպել։ Արտադրական տեսանկյունից նման քանակի հումք կարող են ապահովել միայն տեսակավորման գործարանների միջոցով, այլ կերպ հնարավոր չէ։ Հնարավոր է՝ թղթի, երկաթի, ապակու պարագայում, բայց պլաստիկի և մնացած այլ թափոնների դեպքում հնարավոր չէ»։

Թափոնի տեսակավորումը միջոցներ պահանջող գործընթաց է։ Թափոնը մեկ տեղում կուտակելու կամ մեկ կետից վերամշակման կետ հասցնելու համար ծախսերը մեծ են։ Հարություն Ալպետյանն ասում է՝ այս բացը պետք է լրացնի մասնավոր հատվածն ու սպառողը։

Միայն Երևանում մեկ բնակչի հաշվով տարեկան 320 կգ կոշտ թափոն է բաժին ընկնում։ Օրական գոյանում է մոտ 1000 տոննա թափոն, որի կեսից ավելին սննդային թափոն է։ Նույնքան էլ թափոն կուտակվում է մարզերում։ Այն վերջնարդյունքում հայտնվում է բաց աղբավայրերում՝ հսկայական վնաս հասցնելով շրջակա միջավայրին ու բնությանը։ Մինչդեռ օրինակ՝ սննդային թափոնից կարելի է ստանալ կենսագազ:

Leave a Comment